
Մենք՝ Ճառագայթ խմբակցությունը, 2022 թվականի ամառվա բողոքի ցույցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը և նրա հովանավորներին դատապարտող հանրային հայտարարության մեջ արտահայտեցինք « Զարթիր Լաո » շարժման հետ մեր համերաշխությունը Ի պատասխան խաղաղության օրակարգին.
Ինչպես բոլոր նրանք, ովքեր մասնակցեցին այդ ցույցերին, մենք հույս ունեինք, որ շարժումից կբխեր իշխանության փոփոխություն, որը վերջ կդներ ՔՊ կուսակցության՝ թուրքական շահերին սպասարկող գործունեությանը: Հույս ունեինք նաև, որ այս փոփոխությունը թշնամու հետ ուժային հարաբերակցությունը հավասարակշռության կվերադարձներ՝ սահմանափակելով այժմյան իշխանության պատճառած վնասները, գոնե մասամբ հետ կբերեր Արցախը հայկական հսկողության ներքո և կվերակագներ Հայաստանի անվտանգությունը:
Դու՜ք՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներդ, ինքներդ քառասունչորսօրյա պատերազմի վերջին օրվանից ամեն օր անդադար կրկնել եք, որ մի օր ավելի այս իշխանությանը չպետք է թողնել գործել։ Հակառակ դեպքում խստորեն կբարդանա Հայաստանի և Արցախի դրությունը: Եթե պատերազմին հետևող շաբաթների ընթացքում ողջ ազգն այնպիսի հոգեբանական վիճակում էր, որ հարկավոր էր նախևառաջ ուշքի գալ, որ հետո կարողանայինք ներքին թշնամու վրա հակահարձակում կազմակերպել, ապա այսօր այդ մահաբեր թշնամուն հեռացնելու որևէ միջոց բացառելը այլևս բացարձակապես չի արդարացվում: Սակայն դուք եք այսօր քաղաքական հիմնական ընդդիմադիր ռեսուրսների տերը և դուք ունեք այսօր երկրի դիվանագիտական և ռազմավարական ուղղությունը փոխելու հնարավորություն: Այն ընտրությունները, որոնց մասնակցեցիք, անհրաժեշտ արդյունքը չունեցան ՔՊ իշխանության տապալումը իրագործելու համար: Հավանաբար այս անհաջողությունը ձեզ մղեց կազմակերպելու փողոցի բողոքները, որոնց վրա շատ հույս էինք դրել: Բայց այդ շարժումի մարումը մեզ համար անըմբռնելի է: Անհասկանալի է, թե ինչու այդ բոլոր ջանքերը որևէ շոշափելի արդյունքի չեն հասել: Այսօրվա անորոշությունը և քաղաքական անէությունը սաստիկ հարվածում է մեր ժողովրդի արդեն իսկ ծանր հոգեվիճակին, որը նաև արդյունք է թշնամու՝ մեր դեմ մղած հոգեբանական պատերազմի։ Այս պատճառով 44 օրվա պատերազմից հետո ձեզ հետևող քաղաքացիների քանակը արդեն վստահաբար շատ է նվազել :
Սեպտեմբեր 14-ի երեկոյան, ի պատասխան Ադրբերջանի այս պես կոչված «տարածքային ամբողջականությունը» ճանաչող փաստաթուղթ ստորագրելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ԱԺ-ի դիմաց ժողովրդական ինքնաբուխ հավաք կազմակերպվեց: Քաղաքական ոլորտում, ոչ մեկս գուշակ չենք, բայց այն ըմբոստությունը, որ տեղի ունեցավ Բաղրամյան փողոցում, ավելի քան արդարացի և առողջ երևույթ էր, և կարող էր Փաշինյանի և իր թիմի հրաժարականը բերել: Սակայն չգիտենք ինչու՞ դուք որոշեցիք դիմել բարդ իրավաբանական պրոցեսների, որոնք չէին բխում այդ րոպեի անհրաժեշտությունից: Այդ որոշումը նորից ավերեց ժողովրդական ընդվզման ներուժը, մինչդեռ հենց իր սոցիալական դրության պատճառովՙ աշխատավոր խավի ինքնուրույն կազմակերպվելու կարողությունը շատ սահմանափակ է: Այս սխալը ձեզ վրա թանկ է նստելու: Որ ավելի վատ է, դուք որոշեցիք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպում կազմակերպել՝ ընդգրկելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի քաղաքական դիրքորոշումը Հայաստանի և Արցախի անվտանգության վերաբերյալ չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից։ Նրանք երկուսն էլ հակաազգային շարժում են մարմնավորում, որոնց պետք է դիմադրենք։
Մեր ազգի շահերի և անվտանգության տեսանկյունից այժմյան կառավարության հրաժարականին հասնելու համար դուք, ընդդիմությունը՝ՙ անկախ որևէ կուսակցական շահից, ունեք ժողովրդի կամքը լսելու և գործնականորեն կազմակերպելու պատասխանատվություն: ժողովորդին լքելու իրավունք չունեք, այլապես ժողովուրդը ձեզ վերջնականապես է լքելու :
Մենք՝ Ճառագայթ խմակցությունս, փոքր կազմակերպություն ենք, որն իմաստալից կշիռ չունի քաղաքական դաշտում։ Հետևաբար, այս բաց նամակը շարադրելու համար չունենք որևէ ուրիշ շարժառիթ, քան մեր երկրի ու մեր ազգի ապագայի համար մեր խորը մտահոգությունը :