Վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումը ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրքիայի և նրա արբանյակ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների շարունակություն։ Իսկ այդ ներխուժման դեմ դիմադրության բացակայությունը Հայաստանի իշխանությունների կողմից ևս մեկ անգամ փաստում է, որ նրանք ծառայում են նույն այդ օկուպացիոն ուժերին։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը կոպտորեն ոտնահարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ արցախցիներից շատերին հայրենազրկելով, ունեզրկելով և խաթարելով նրանց անվտանգությունը, արդեն իսկ փաստում էր, որ ՀՀ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդի շահերը չեն ներկայացում, ու շարունակելով պաշտոնավարել՝ արդեն իսկ վտանգում են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի ու Արարատի մեր հայրենակիցների կյանքը, որից հետո մնացած մարզերի օկուպացումը ժամանակի հարց է։ Իսկ վերջին օրերին շրջանառվող խնդրահարույց փաստաթուղթն ուղղակիորեն վնասում է Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերին։ Ավելին՝ վարչապետի պաշտոնակատարը իրավասություն չունի հայ ժողովրդի ապագան հարցականի տակ դնող փաստաթուղթը ստորագրելու, ու այդ քայլը հակաժողովրդավարական է։
Այսպիսով, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վտանգավորությունը հայ ժողովրդի համար և հաշվի առնելով, որ սպասարկում է միջազգային օկուպացիոն ուժերին՝ պահանջում ենք, որ անհապաղ հեռանա վարչապետի աթոռից, որն ապօրինաբար զբաղեցնում է ապրիլի 25-ի հրաժարականից հետո։
Գիտակցելով պահի օրհասականությունը՝ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի հայերին համախմբվել և պայքարի նոր փուլ մտնել իշխանությունը զավթածների դեմ. սա արդեն Հայաստանի Հանրապետության գոյության և չգոյության պայքար է։