Դատապարտում ենք ապրիլի 7ի հայ կանանց բողոքի ակցիաի դեմ ոստիկանական բռնությունները.

Ճառագայթ ձախ խմբակցությունը խստորեն դատապարտում է ապրիլի 7-ին Երևանում կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կիրառած ուժը։

Ապրիլի 7-ին մի խումբ կանայք խաղաղ երթ և բողոքի ակցիա են անցկացրել մոտ 5000 զոհերի, 10 000 վիրավորների, Արցախի մեծ մասը հանձնելու ու Սյունիքը վտանգի տակ դնելու համար պատասխանատու կառավարության հրաժարականի պահանջով։ Ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը բռնություն է կիրառել և մասնակիցների մի մասին բերման ենթարկել։

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քննել, պարզել ու պատժել բռնություն կիրառողներին։

Կուսակցություններին կոչ ենք անում դատապարտել ոստիկանության կիրառած բռնությունը։

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային և տեղի կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել տեղի ունեցածն ու հետևողական լինել, որ մեղավորները պատժվեն։

Սփյուռքի և Հայաստանի կանանց կոչ ենք անում համերաշխություն հայտնել բողոքի ակցիա իրականացնող կանանց և նեցուկ լինել նրանց։

Հայաստանում 2018 թվականի հեղափոխության առաջամարտիկների հիմնական պահանջներից էր վերջ դնել ոստիկանական բռնություններին, սակայն ապրիլի 7-ի բռնությունը փաստում է, որ դա սոսկ պատրվակ էր: «Հեղափոխական» կառավարությանը խորթ չի ոստիկանական բիրտ ուժի կիրառումը, ավելին այն այսօր դարձել է իշխանության պահպանման հիմնական գործիքը՝ Հայաստանը վերածելով ոստիկանապետության։

Ոստիկանությունը, ուժ կիրառելով ցուցարար կանանց նկատմամբ, ոչ միայն բռնանում է նրանց՝ խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքին, այլև աջակցում է թուրքական հայրիշխանությանը սպասարկու կառավարությանը։

Թուրքական զավթողական հայրիշխանությունը սպառնալիք է հայ կանանց և տղամարդկանց նկատմամբ, հետևաբար նրանց սպասարկող իշխանությունները ոչ միայն չեն կարող հայ ժողովրդի անվտանգությունն ապահովել, այլև սպառնալիք են հայ ժողովրդի գոյությանը։ Հայ կանանց դեմ բռնությունը կանխել հնարավոր է միայն սոցիալական արդարության վերականգնմամբ և թուրքական զավթողականությանը դիմադրելով, ինչը ներկայիս իշխանությունների օրակարգից դուրս է։